Մատչելիության հղումներ

«Բաքվի գործողությունները կարող են հանգեցնել հումանիտար աղետի»․ ՀՀ ԱԳՆ-ն խորհրդակցություններ կսկսի միջազգային գործընկերների հետ


Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ միջազգային հանրության՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների ուշադրությունը հրավիրելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։

Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է՝ այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսեն միջազգային գործընկերների հետ:

Լաչինի միջանցքը փակելու պրոպագանդիստական նախապատրաստությունները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շարունակելով՝ «ակնհայտ է, որ տվյալ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների կողմից, նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի Հանրապետության և այսպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապից»:

«Այս գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ», - նշում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն՝ ընդգծելով՝ ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, համաձայն որի՝ ա) Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, բ) Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:

«Միջազգային պարտավորությունների, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ստանձնած հանձնառությունների անշեղորեն կատարումը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո տեղաշարժի անխափան իրականացումը առանցքային են ԼՂ հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծման, տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման, ժողովուրդների խաղաղ համակեցության համար», - ասված է հայտարարությունում։

Արդեն ավելի քան 24 ժամ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։

XS
SM
MD
LG