Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքի հարցով ՀՀ ԱԽ-ն արտահերթ նիստ է գումարել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Ըստ Հայաստանի կառավարության՝ քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այսօր նաև Արցախի անվտանգության խորհուրդն է նիստ հրավիրել։ Ընդգծվել է, որ փակելով միջանցքը Բաքուն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները։ Անվտանգության խորհուրդը համապատասխան նամակով որոշել է դիմել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ «անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի»:

Արդեն 24 ժամ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Ադրբեջանցի ցուցարարները պահանջում են հանդիպում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Շաբաթ առավոտյան Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե մոնիտորինգ են սկսում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում, նույն օրը մի խումբ ադրբեջանցիների փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել։ Երկուշաբթի օրը, ի նշան բողոքի, ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը։

XS
SM
MD
LG