Մատչելիության հղումներ

Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ․ Փաշինյան


Փրկարարները օգնություն են ցուցաբերում «Սուրմալուի» պայթյունից տուժածներին, 14-ը օգոստոսի, 2022թ․

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունները կապված են «Սուրմալուի» դեպքերի հետ, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով՝ իր տրված հստակ հանձնարարականը չի կատարվել։

Հիշեցնելով 2020 թվականի օգոստոսի սկզբին Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունը՝ վարչապետը նկատեց․ -« Լիբանանի պայթյունից հետո հստակ հանձնարարական եմ տվել, ասել եմ՝ գույքագրեք և բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կկրկնվի։ Էդ հանձնարարականից ուղիղ երկու տարի հետո տեղի է ունենում էդ «Սուրմալուի» պայթյունը»։

Ընդգծելով, որ կարևոր է անհատական պատասխանատվությունը՝ վարչապետը շեշտեց․ - «Ես չպիտի շաբաթը մեկ զանգեմ ու ասեմ՝ հիշո՞ւմ եք՝ ձեզ ինչ հանձնարարական եմ տվել»։

Գեղամ Շախբազյանը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատվեց այս տարվա սեպտեմբերի վերջին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից գրեթե երկու ամիս անց, իսկ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ պաշտոնից ազատվեց այս տարվա հոկտեմբերի սկզբին: Չէին հստակեցվում արդյոք նրանց պաշտոնանկությունները կապված են ավելի քան 16 մարդու կյանք խլած «Սուրմալուի» պայթյունի հետ։

Հայտնի էր, որ դեռ 2021-ի մարտին կառավարությանն առընթեր հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Սուրմալու»-ում ավելի քան երկու տասնյակ խախտում էր հայտնաբերել, սակայն մինչև պայթյունը՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում, տեսուչներն այնտեղ վերստուգում չէին իրականացրել՝ պարզելու, թե արդյոք վերացվել են այդ խախտումները։

Պայթյունից հետո, Կառավարության օգոստոսի 18-ի նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղկացրեց, որ դեռ 2020-ին՝ Բեյրութում տեղի ունեցած հայտնի պայթյունից հետո, հանձնարարել էր գերատեսչություններին տեղեկատվություն հավաքել հայաստանյան օբյեկտների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ՝ արձանագրելով՝ երկու տարվա ընթացքում ամբողջական տեղեկություն չի ստացվել։

XS
SM
MD
LG