Մատչելիության հղումներ

Ալիևը հերքում է ռազմական ագրեսիայի մեղադրանքները


Ուզբեկստան - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում, Սամարղանդ, 11-ը նոյեմբերի, 2022թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կտրականապես հերքել է ռազմական ագրեսիայի մեջ Բաքվին ուղղված Երևանի մեղադրանքները։

«Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին։ Վերջին նման սադրանքը կատարվել է այս տարվա սեպտեմբերին, և Ադրբեջանի զինված ուժերը ստիպված են եղել հակահարձակողական գործողություն սկսել՝ կանխելու Հայաստանի լայնածավալ ռազմական սադրանքը», - այսօր հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Սամարղանդում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում։

«Հայաստանը միջազգային հանրությանը մոլորեցնելու համար փորձում է Ադրբեջանին անհիմն մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք նման անհիմն մեղադրանքները։ Մենք կռվել ենք մեր հողի վրա և, հաղթելով հայկական բանակին, նրան դուրս ենք արել մեր պատմական հողերից», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե սահմանին ադրբեջանական զինված ուժերը «ներկայումս դիրքեր են գրավում իրենց հայրենի հողում»։

Միաժամանակ, Ալիևը հիշեցրել է, որ Պրահայում և Սոչիում հանդիպումների ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություններով ճանաչել են երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Այսպիսով, ղարաբաղյան հակամարտությունը մնացել է պատմության մեջ», - ասել է Ադրբեջանի նախագահը։

XS
SM
MD
LG