Մատչելիության հղումներ

Լուլա դա Սիլվան հաղթում է Բրազիլիայի նախագահական ընտրություններում


Բրազիլիա - Լուլա դա Սիլվան տոնում է հաղթանակը ընտրություններում, 31-ը հոկտեմբերի, 2022թ.
Բրազիլիա - Լուլա դա Սիլվան տոնում է հաղթանակը ընտրություններում, 31-ը հոկտեմբերի, 2022թ.

Բրազիլիայում կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հարավամերիկյան խոշորագույն այս պետության գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն պարտվել է ձախ ուժերի թեկնածու, նախկին նախագահ Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվային։

Քվեների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում Լուլա դա Սիլվան ստացել է բրազիլացի ընտրողների 50.9 տոկոսի, գործող նախագահը՝ 49.1 տոկոսի քվեները։

Ընտրությունների հաղթողը նախկինում՝ 2003-2011 թվականներին արդեն իսկ զբաղեցրել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը։ Նախընտրական արշավի ընթացքում Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվան շարունակաբար հայտարարում էր, որ հաղթանակի դեպքում իր կառավարության առաջնահերթ խնդիրն է լինելու պայքարը աղքատության դեմ։

«Մեր երկիրը պարենամթերքի արտադրության ծավալներով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում։ Չնայած դրան՝ մինչ օրս մեր իսկ քաղաքացիները սննդամթերքի պակաս են զգում, ինչը Բրազիլիայի ղեկավարների խայտառակությունն է», - հայտարարում էր Լուլա դա Սիլվան։

Հաղթանակից անմիջապես հետո Լուլա դա Սիլվան պնդում էր, որ երկրի կառավարման համակարգն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել իր հաղթանակին։

«Մենք չունեինք մրցակից կամ ընդդիմախոս։ Մեր դեմ պայքարում էր Բրազիլիայի պետական մեքենան, որը ծառայեցվել էր թեկնածուներից մեկին՝ փորձելով կանխել մեր հաղթանակը», - հայտարարում էր հաղթած թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG