Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել». Ալիև


«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել», - այսօր կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ։

Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է Ձեր պատասխանը, Ալիևն ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։

Օրեր առաջ էր վարչապետ Փաշինյանը ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից պետք է առանձնացել Ղարաբաղի հարցը, այն կարող է և չլինել այդ պայմանագրում։ Փաշինյանը նաև նշել էր, թե Ղարաբաղի հարցով հիմնական բանկացողը պետք է Արցախը լինի: Իսկ Պրահա Ժամանելուց առաջ՝ երեկ, վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե անվտանգային իրավիճակը Հայաստանի շուրջ մնում է կայուն, լարված, միաժամանակ պնդել, թե լարվածության թուլացման որոշ միտումներ է տեսնում Վաշինգտոնի միջնորդությամբ Ադրբեջանի հետ կայացած բանակցություններից հետո։

Գագաթնաժողովի վայր՝ Չեխիայի նախագահական նստավայր, ժամանելուց առաջ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։

Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ, կողմերը քննարկել են հաջորդ ամիս Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման օրակարգը։ Այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին, սակայն դրանից երկու շաբաթ անց Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա, ըստ փորձագետների, լուրջ հարված հասցնելով նաև Եվրամիության միջնորդական ջանքերին։

Հայաստանի վարչապետի ու Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի միջև դեմ առ դեմ՝ երկկողմ հանդիպում այսօր նախատեսված չէ։

XS
SM
MD
LG