Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը


Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի երկու երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին։

Համաժողովների նպատակը առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում նոր կապերի հաստատումն է և արդեն իսկ հաստատված գործընկերային հարաբերությունների վերաիմաստավորումը:

Ընդգծելով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ այնուամենայնիվ որոշել են չհետաձգել այսօր ծրագրված աշխատանքային միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետության կառավարության համար տարածքների համաչափ զարգացումը առաջնահերթ խնդիրներից մեկն է, ասել է վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումները հիանալի հնարավորություն են ստեղծում մարզերի գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման, ինչպես նաև երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։

Կան խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և տարեցտարի լուծումներ ստանան, նկատել է վարչապետ Փաշինյանը։

Ընդգծելով, որ յուրաքանչյուր տարի համաժողովներն անցկացվում են նոր խորագրերի ներքո, վարչապետն այս տարվա «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրն ավելի քան արդիական և հավակնոտ է որակել։

«Կասկածից վեր է, որ միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից օգտվելու պարագայում, մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին», -եզրափակել է վարչապետը։

Նիստին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը, հանդես եկել ելույթներով։ Ողջույնի խոսք է հղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովներն անցկացվում են 2011 թվականից՝ ընդլայնելու համագործակցությունը երկու պետությունների տարածքային միավորների միջև:


XS
SM
MD
LG