Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակը հայտնում է Ղարաբաղում մի շարք բարձունքների գրավման մասին


Ադրբեջանական բանակը պնդում է, որ այսօր իրականացված «Հատուցում» գործողության ընթացքում Ղարաբաղում մի շարք բարձունքներ է գրավել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։

«Ադրբեջանցի զինծառայողի մահվանն ի պատասխան ադրբեջանական բանակը վերահսկողություն է սահմանել Գըրըղգըզ բարձունքի, ինչպես նաև Ղարաբաղի լեռնաշղթայում գտնվող մի քանի այլ բարձունքների նկատմամբ», - պնդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

«Գործողության ընթացքում ոչնչացվել են հայկական անօրինական զինված կազմավորումների մի քանի մարտական դիրքեր, ավիացիոն հարված է հասցվել Աղդերեի (Մարտակերտի) շրջանում գտնվող զորամասերից մեկին», - պնդում է պաշտոնական Բաքուն։

«Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման գոտում գործող անօրինական կազմավորումների զինաթափումը պետք է պարտադիր բնույթ կրի», - նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով` այսօրվանից` օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք:

Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական Ստեփանակերտի` ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Այսօր արդեն ՊԲ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ երկու պայմանագրային զինծառայողներ: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Բաքուն էլ այսօր Երևանին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր Լաչինի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանցի զինծառայող էր զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG