Մատչելիության հղումներ

Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են․ վարչապետ


Կառավարությունը 11մլրդ 809 մլն դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման համար։

Խոսքը, մասնավորապես, Դիլաջանի ոլորանների, Արարատի մարզի Մասիս-Ռանչպար հատվածի, ի դեպ, այս ճանապարհի նորոգման խոստումը դեռ 2019-ին էր տրվել, երբ Փաշինյանն այցելել էր Ռանչպար, Երերուքի տաճար տանող ավտոճանապարհի 2.7 կիլոմետրանոց հատվածի, Հերհեր-Կարմրաշեն մարզային նշանակության ճանապարհի, Մ5 միջպետական նշանակության ավտճոնապահից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայանների» բեռնային համալիր տանող 1.7 կմ ճանապարհահատվածի, Սյունիքի Լծեն ավտոճանապարհի մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շինարարական աշխատանքների մի մասը սկսվել է, մի մասն էլ կսկսվի նախագծումից հետո։

Միևնույն ժամանակ գործդիրի ղեկավարը դժգոհեց՝ որակի հետ կապված խնդիրները լուծված չեն և պրոբլեմներ են ի հայտ գալիս։

Տաթև-Աղվանի

Խոսելով Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակից՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց՝ աշխատանքներ իրականացվում են, բայց ցանկալի է ավելի մեծ տեմպ հաղորդել։

«Հատկապես փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով մասնավորապե Տաթևից հենց Քաշունի ընկած հատվածն ամենավատ վիճակում է և ցանկալի կլիներ տեմպն ավելացնել, որովհետև այդտեղ բավականին շատ մեքենաներ են վնասվում, բայց վերանորոգման աշխատանքներն իրականացվում են», - ասաց մարզպետը։

Վարչապետը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ շեշտելով՝ փոխվարչապետին և տարածքային կառավարման նախարարին հանձնարարականներ է տվել՝ խոստանալով՝ մյուս շաբաթ անդրադառնալ հանձնարարականների կատարման տեմպին և ընթացքին։

«Հիմա էս պահին որևէ լրացուցիչ մեկանբանություն չեմ անում, գիտենք էդ պրոբլեմատիկան։ Այդտեղ և օբյեկտիվ, բայց նաև շատ սուբյեկտիվ գործոններ կան, բայց էս պահին դրան չանդրադառնանք, կենտրոնանանք, աշխատանքն անենք ավարտենք այդտեղ», - ասաց գործադիրի ղեկավարը։

Սեպտեմբերին, երբ Հայաստանի հարավում Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանցիները սկսեցին կանգնեցնել ու մի քանի հարյուր դոլարի հասնող ճանապարհային տուրք պահանջել իրանցի բեռնափոխադրողներից, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ արագ կբարեկարգեն այլընտրանքային գրունտային ճանապարհը։

Դեռ 2021-ի հոկտեմբերին հայտարարվեց, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքը համարվող Տաթև-Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհի վերջին 8 կիլոմետրն է մնացել, որ բարեկարգվի։ Դեռ այն ժամանակ վարորդները բարձրաձայնում էին, որ հատկապես ձմռանը դժվար կլինի այդ ոլորաններով բեռնափոխադրում իրականացնել։ Ամիսներ անց վարչապետը հայտարարեց՝ «Տաթև-Աղվանիի կառուցումը համարում ենք ավարտված, բավական ժամանակ երթևեկելի է, նորմալ է»։ Ճանապարհի կառուցման ավարտից մոտ կես տարի անց մարզպետի մակարդակով այսօր բարձրացվում է ճանապարհի որոշ հատվածների վատ վիճակի հարցը։

Զուգահեռ մեկ այլ՝ Տաթև-Լծեն ճանապարհն էր նախատեսվում կառուցել, որն էլ իր հերթին պետք է ոլորաններ ունեցող Տաթև-Աղվանիի այլընտրանքը դառնար։

Վարչապետն այսօր արձանագրեց՝ Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են։

«Նոր ճանապարհը Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ է, որը պետք է Սիսիանի մոտակայքում Տաթևից դուրս գա մայրուղի։ Այս ուղղությամբ կարևոր անելիք կա և հանձնարարականները նորից տրված են։ Ես հույս ունեմ, որ այս թեմային անընդհատ ադրադառնալու կարիք չենք ունենալու», - ասաց գործադիրի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG