Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը «վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Վաշինգտոնում, 2-ը մայիսի, 2022թ․
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Վաշինգտոնում, 2-ը մայիսի, 2022թ․

Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցի և երկու երկրների միջև ընթացող երկխոսության մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանն ի պատասխան ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Վաշինգտոնը նաև պատրաստակամութուն է հայտնել «աջակցելու այս կարևոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»։

«Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի՝ մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:

Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 11-ին։ Սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն էր: Փաշինյանն և Էրդողանը շնորհավորել են միմյանց Քուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել են սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել։ Թե երբ սա տեղի կունենա, ոչ Երևանը, ոչ էլ Անկարան դեռ չեն հստակեցնում։

Հայ-թուրքական վերջին պայմանավորվածությունից օրեր անց՝ Փաշինյանը հանձնարարեց հայաստանյան գերատեսչություներին կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ, որպեսզի ձեռք բերված համաձայնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչվի։

XS
SM
MD
LG