Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը բարձրացնում է հայ գերիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ միջազգային գնահատականի բացակայության կամ ուշացման հարցը


Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ ուղերձում Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի օրինակով փաստագրված են բազմաթիվ օրինակներ, երբ «ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգումների, արտադատական սպանությունների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի» են արժանացել բազմաթիվ հայեր։

«Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայությունը կրում է այլ կոնֆլիկտների շրջանակներում նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ», - շեշտել է ՄԻ պաշտպանը։

Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը դեռ 2020-ի դեկտեմբերին փաստել էր, որ «բազմաթիվ հայ ռազմագերիներ ենթարկվել են դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանական ուժերի կողմից կա՛մ գերեվարվելիս, կա՛մ տեղափոխման ժամանակ, կա՛մ տարբեր կալանավայրերում կալանքի ընթացքում»: Ադրբեջանի նախագահը այս մարտին հայտարարել էր, թե «չեն պատերազմել քաղաքացիական անձանց դեմ, դաժանություն չեն ցուցաբերել»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Նրանցից մեկը ապրիլի 23-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից գերեվարված Էդուրադ Մարտիրոսովն էր, որ մայիսի 26-ին վերադարձվեց հայկական կողմին։ ​Իսկ 38 գերիների մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։

XS
SM
MD
LG