Լեհաստանը պաշտոնապես դիմել է Գերմանիային՝ խնդրելով թույլ տալ Ուկրաինային փոխանցել գերմանական արտադրության Leopard տանկերը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռլինը չի միջամտի Լեհաստանից գերմանական տանկերի մատակարարմանը, եթե երկիրը համապատասխան դիմում ներկայացնի։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր վստահություն է հայտնել, որ դաշնակիցները շուտով որոշում կկայացնեն Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցով։ Նրա խոսքով՝ որոշում դեռ չկա, բայց Բեռլինն արդեն հասկացրել է իր դաշնակիցներին, որ ցանկության դեպքում կարող են սկսել գործընթացը:
Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց տրամադրության տակ ունեն ավելի քան 2 հազար Leopard-ներ, որոնք իրենց տեսակի մեջ աշխարհում ամենաառաջադեմն ու արդյունավետն են:
Հրաժարական է տվել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։
Մոտ մեկ ամիս առաջ ուկրաինական մի շարք անկախ լրատվամիջոցներ պարզել էին, որ պետական պաշտոնյան տեղաշարժվում է թանկարժեք ամենագնաց մեքենայով, որը General Motors-ը նվիրաբերել է Ուկրաինային մարդասիրական առաքելությունների համար:
Նախօրեին էլ կոռուպցիայի կասկածանքով պաշտոնանկ է արվել Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարարը: Հետաքննությունը պնդում է, որ Վասիլի Լոզինսկին 400 հազար դոլարի դիմաց համաձայնել է նպաստել ուռճացված գներով սարքավորումների և գեներատորների ձեռքբերման պայմանագրերի կնքմանը։
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հետաքննում է նաև զինվորականների համար սննդամթերքի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների մասին պնդումները:
Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել 500 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ:
Զենքի մատակարարման համար այդ միջոցները հատկացվելու են Խաղաղության եվրոպական հիմնադրամի հաշվից։
Բացի այդ, հաղորդվում է, որ նախարարները պայմանավորվել են այս հիմնադրամից 45 մլն եվրո հատկացնել Կիևին՝ ԵՄ ուսումնական առաքելությունում ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար։
Այսպիսով, ներառյալ այս որոշումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային տրամադրվող ընդհանուր ռազմական օգնությունը կհասնի մինչև 3,6 միլիարդ եվրո։
«Բեռլինի թույլտվությամբ թե առանց դրա՝ Լեհաստանը միևնույն է, իր զինանոցում գտնվող գերմանական արտադրության Leopard 2 մակնիշի տանկերն ուղարկելու է Ուկրաինա», - այսօր հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
«Մենք, իհարկե, կդիմենք Գերմանիային նման թույլտվություն ստանալու խնդրանքով։ Դա, սակայն, երկրորդական հարց է։ Անգամ եթե մենք նման համաձայնություն չստանանք, ի վերջո, ավելի փոքր մի կոալիցիայի կազմում (նույնիսկ եթե դրանում Գերմանիան ընդգրկված չլինի) մենք միևնույն է մեր տրամադրության տակ եղած տանկերը տրամադրելու ենք Ուկրաինային», - հայտարարել է Լեհաստանի վարչապետը։