Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:02 25.5.2022

Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման հարցի քննարկումը հնարավոր կլինի միայն հանձնված ուկրաինացի զինվորների դատավարությունից հետո, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք ամեն ինչ կքննարկենք այն բանից հետո, երբ գերի հանձնվածները պատշաճ կերպով կդատապարտվեն, դատավճիռ կկայացվի, հետո կարող են ինչ-որ այլ քայլեր լինել: Մինչ այդ փոխանակման մասին բոլոր խոսակցությունները վաղաժամ են», - ասել է Ռուդենկոն:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցն օրակարգում հայտնվեց, երբ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում պատսպարված հարյուրավոր ուկրաինացի զինվորականներ անցած շաբաթ հանձնվեցին ռուսական կողմին։

15:00 25.5.2022

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երեկ հայտարարել է, որ նոր արտակարգ դրություն է մտցնում երկրում՝ որպես պատճառ նշելով հարևան Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ կապված մարտահրավերները։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը, միայն հաջորդ երեքշաբթի է Հունգարիայում լրանում հերթական արտակարգ դրության ժամկետը, որը հայտարարվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։

«Աշխարհը տնտեսական ճգնաժամի շեմին է: Հունգարիան պետք է պաշտպանի իրեն պատերազմից և պաշտպանի իր քաղաքացիների ֆինանսական անվտանգությունը»,- գրել է Օրբանը Facebook-ում՝ մատնանշելով «մանևրելու և անհապաղ գործողությունների համար տարածքի» անհրաժեշտությունը։

14:58 25.5.2022

Լրատվամիջոցները հայտնում են, որ վաղ առավոտյան Զապորոժիե քաղաքում մի քանի պայթյուն է լսվել։ Օդային ռմբակոծության ազդանշանները հնչել են գիշերը 3:20-ի սահմաններում, պայթյուններ են լսվել առավոտյան ժամը 5-ից հետո:

Ինչպես հայտնել է Զապորոժիեի մարզի ղեկավարությունը իր տելեգրամյան ալիքում, ռուսական զորքերը 4 թևավոր հրթիռ են արձակել քաղաքի ուղղությամբ, դրանցից մեկը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։

«Ներկայումս տուժած տարածքը հետազոտվում է, և դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

14:56 25.5.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Արևմուտքին երկրին ավելի շատ ծանր սպառազինություն՝ համազարկային հրթիռային համակարգեր, տանկեր, հականավային հրթիռներ և այլ տեսակի զենքեր մատակարարելու համար։

«Իրավիճակը Դոնբասում չափազանց բարդ է: Փաստորեն, բոլոր ուժերը, որոնք դեռևս ուներ ռուսական բանակը, ուղարկվել են այնտեղ հարձակման», - հայտարարել է Զելենսկին հերթական գիշերային ելույթում։

Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը, ըստ Զելենսկու, «լավագույն ներդրումն է աշխարհում կայունության պահպանման և այն ծանր ճգնաժամերից շատերը կանխելու համար, որոնք Ռուսաստանը դեռ պլանավորում է կամ արդեն հրահրել է»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG