65 տարեկանում մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին:
Խոսնակ Ռոբերտո Կուիլյոյի փոխանցմամբ՝ Սասոլին մահացել է այսօր վաղ առավոտյան Իտալիայի Ավիանո քաղաքի հիվանդանոցում:
Դավիդ Սասոլին հոսպիտալացվել էր դեկտեմբերի 26-ին՝ օրգանիզմի իմունային համակարգի ծանր ախտահարման հետևանքով։ Աշնանը եվրոպացի պաշտոնյան արդեն իսկ հայտնվել էր բժիշկների հսկողության ներքո՝ այսպես կոչված «Լեգեոներների հիվանդության»՝ սուր ինֆեկցիոն վարակի հետևանքով ծագած թոքաբորբի պատճառով։
Սասոլին ծնունդով իտալական Ֆլորենցիա քաղաքից էր, ներկայացնում էր Իտալիայի դեմոկրատական կուսակցությունը։ Մինչև քաղաքականություն մուտք գործել նա զբաղվել էր հեռուստալրագրությամբ։ 2014-2019 թվականներին Սասոլին զբաղեցնում էր Եվրախորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը։