Մատչելիության հղումներ

«Օմիկրոնն» ավելի վարակիչ է, բայց ավելի քիչ ծանր ախտանիշներ է առաջացնում


ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին պատվաստվում է կորոնավիրուսի դեմ, դեկտեմբեր, 2020թ.
ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին պատվաստվում է կորոնավիրուսի դեմ, դեկտեմբեր, 2020թ.

Նախնական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ավելի վարակիչ է, բայց ավելի քիչ ծանր ախտանիշներ է առաջացնում։ Երեկ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին՝ հավելելով, որ ևս մի քանի շաբաթ կպահանջվի կորոնավիրուսի նոր շտամի վերաբերյալ վերջնական եզրակացություններ անելու համար:

Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ Ֆաուչին ասել է, որ «օմիկրոնով» վարակված առաջին հիվանդները, ըստ վիճակագրության, ավելի քիչ են հոսպիտալացման և թթվածնի կարիք ունենում: Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ լրացուցիչ տվյալներ են սպասվում, սակայն վերջնական եզրակացություններ անելու համար դեռ մի քանի շաբաթ կպահանջվի։

Հակահամաճարակային սահմանափակումները դժգոհություն են առաջացնում եվրոպական երկրների բնակչության մի մասի մոտ։ Բրյուսելում մի քանի հազար մարդ մասնակցել է բողոքի ցույցին ընդդեմ բուժաշխատողների պատվաստումների պարտադիր պահանջի, որն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Ցուցարարները փորձել են ներխուժել Առողջապահության նախարարության շենք։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։

Լեհաստանը դեկտեմբերի 15-ից կխստացնի սահմանափակումները. գիշերային ակումբները կփակվեն, երեխաները հեռավար կսովորեն մինչև հունվարի 9-ը։ Մարտի 1-ից բժիշկները, ուսուցիչները և ուժային կառույցներում աշխատողները պարտավոր կլինեն պատվաստվել:

Իսպանիայի իշխանությունները հաստատել են 5-11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը։

XS
SM
MD
LG