Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ


Հայաստանի արտգործ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին է ներկայացրել ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ «ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»։

Այս տարվա նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմը հաղորդեց 6 զոհի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին ասուլիսի ժամանակ հայտնեց՝ չճշգրտված տվյալով 32 գերեվարված կա։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է 7 զոհի և 10 վիրավորի մասին։ Բախումներից 10 օր անց Բաքուն հայկական կողմին փոխանցեց երկու քաղաքացու։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ «ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողությունները, բարձրագույն ղեկավարության հայատյացության ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը»։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձնաց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 ցուցանմուշներով, Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները, 161 վանքեր ու եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ։

Արարատ Միրզոյանը նշել է, որ ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող հիմք հանդիսանալ խնդրի լուծման համար: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունն ու ԵԱՀԿ երեք հարթություններում նախագծերի իրականացումը՝ ուղղված համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի ամրապնդմանը։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի համագործակցության ծրագրի (ACP) հետագա զարգացման հեռանկարներին։

XS
SM
MD
LG