Մատչելիության հղումներ

Սոչիում եռակողմ բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Սոչի, 26 նոյեմբերի, 2021թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Սոչի, 26 նոյեմբերի, 2021թ.

Այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններից հետո հայտարարություն են հրապարակել:

«Մենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին հանդիպել ենք Սոչիում և քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը:

Վերահաստատում ենք Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման:

Պայմանավորվել ենք ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված կլինեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների արագ կարգավորմանը:

Նշել ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում:

Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ:

Բարձր ենք գնահատել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որն ուղղված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Ընդգծել ենք կոնկրետ ծրագրերի արագ գործարկման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար։

Ռուսաստանի Դաշնությունը հետագայում էլ անհրաժեշտ աջակցություն կտրամադրի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների բարելավման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար»:

XS
SM
MD
LG