Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ԶՈւ կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել


Նախօրեին Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է գլխավոր դատախազությունը:

Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մանրամասնում է, որ երեկ կեսօրին Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի Սիսիան համայնքի տարածքին հարող ՀՀ պետական սահմանը, 1-ից մինչև 2 կմ առաջացել, Հայաստանի ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտեցել, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, Հայաստանի տարածքի այդ մասը Ադրբեջանին հանձնելուն ուղղված գործողություններ կատարել, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացրել:

Քրեական գործը հարուցվել է ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 300.2-րդ հոդվածի (տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը) հատկանիշներով:

«Քրեական գործի շրջանակներում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները: Դրանց կապակցությամբ ևս կտրվել իրավական գնահատականներ», - նշել է Աբրահամյանը:

Բաքուն, հիշեցնենք, հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու մասին՝ հայկական կողմի հայտարարությունները և պնդում, որ բանակը տեղակայված է Ադրբեջանին պատկանող տարածքներում։

XS
SM
MD
LG