Մատչելիության հղումներ

Գորիսի բնակիչը թրաֆիքինգի է ենթարկել պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին. ՔԿ


40-ամյա տղամարդը ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող՝ թրաֆիքինգի է ենթարկել Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին, հայտնում է Քննչական կոմիտեն:

Համաձայն հաղորդագրության, պարզվել և հիմնավորվել է, որ Արցախյան երկրորդ պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ցանկանալով ներկայանալ որպես Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գորիսի 40-ամյա բնակիչն իր կողմից Facebook.com կայքում նախկինում բացված էջը վերանվանել է «Азиз Мурадов» անվամբ: Այնուհետև՝ հունվար և փետրվար ամիսներին, նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, ովքեր համացանցային կայքում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել:

40-ամյա տղամարդը «Մեսենջեր»-ի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել նրանց՝ հայտնելով, թե իբր վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ:

Ըստ քննչական կոմիտեի՝ օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իրեն՝ նրանց հարկադրել է «Մեսենջեր»-ի միջոցով ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Այն է՝ երկու կամ ավելի մարդու նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով շահագործումը կամ թրաֆիքինգը և բռնություն կատարելու սպառնալիքով երեխայի թրաֆիքինգը կամ շահագործումը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք՝ դեռ փետրվարին պատերազմում զոհված Արսեն Ղարախանյանի եղբայրը «Ազատությանը» փոխանցել է, որ 3 ամիս լուր չունենալուց հետո Արսենի մասին տեղեկացել էին Ազիզ Մուրադով ներկայացած անձից՝ տեսանյութ էր ուղարկել: Կարեն Ղարախանյանը պատմել էր, որ Ազիզ Մուրադով ներկայացած անձը ցանկություն է ունեցել խոսել նաև եղբոր կնոջ՝ Վարդուհու հետ։ Վերջինս, սակայն, հրաժարվել է խոսել ադրբեջանցի ներկայացած տղամարդու հետ:

Ազգային անվտանգության ծառայությունն էլ հաղորդել էր, որ այս գործի շրջանակում կան տասնյակ տուժողներ, ովքեր պարզաբանումներ են տվել կատարվածի վերաբերյալ։ Կատարված խուզարկությունների արդյունքում էլ մեղադրյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս օգտագործած բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG