Մատչելիության հղումներ

Կրակոցներ և սպանություն Արարատի մարզում, հարուցվել է քրգործ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 13-ին՝ ժամը 19:15-ին, Վեդի բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի, պարզվել է, որ նշված տղամարդը Արարատ քաղաքի 34-ամյա բնակիչ է:

Միաժամանակ Ոստիկանության Արարատի բաժնում է ահազանգ ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան համայնքի գերեզմանատան տարածքից կրակահերթեր են լսվել:

Ըստ կոմիտեի՝ դեպքի վայրի զննությամբ նշված գերեզմանատանը՝ Մարզպետունի Պետրոսյանի՝ օրենքով գող «Մարսո»-ի գերեզմանի դիմացի հատվածում, հայտնաբերվել է բազմաթիվ հրազենային վնասվածքներով «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենա, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, դանակ, արնանման հետքեր։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի [Սպանությունը] 1-ին և 235-րդ հոդվածի [Ապօրինի կերպով զենք- զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը]1-ին մասերով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կոմիտեն նշում է, որ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18.55-ի սահմաններում, Մարզպետունի Պետրոսյանի որդիները և նրանց ընկերը պարզաբանումներ ստանալու նպատակով պայմանավորվել և գերեզմանատանը հանդիպել են 34-ամյա տղամարդու և նրա ընկերների հետ: Նրանց միջև սկսվել է վիճաբանություն, այնուհետև՝ փոխհրաձգություն, որի հետևանքով 34-ամյա տղամարդը մահացել է:

Բացի այդ, ինչպես նշված է հաղորդագրությունում, հունիսի 14-ին՝ ժամը 00.15-ին, Վեդի բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժնում ևս մեկ հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ: Վերջինս, ով 34-ամյա տղամարդու ընկերներից մեկն է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ վիրահատության: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG