Մատչելիության հղումներ

Ռուսաստանում արգելվել են Նավալնիի հիմնադրած կազմակերպությունները


Ռուսաստան - Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դատարանում, մայիս, 2021թ․
Ռուսաստան - Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դատարանում, մայիս, 2021թ․

Ռուսաստանում արգելվել են Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած կազմակերպությունները՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամը և ընդդիմադիր գործչի շտաբների ցանցը: Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ այս կառույցները ճանաչվել են ծայրահեղական: Հաղորդվում է, որ դրանց ակտիվները պարտատերերի հետ հաշվարկներից հետո կփոխանցվեն Ռուսաստանի Դաշնության բյուջե։

Դատարանի վճիռը, որն ուժի մեջ է մտել անմիջապես, թույլ չի տալիս այդ կազմակերպությունների և դրանց տարածաշրջանային գրասենյակների հետ կապված անձանց դիմել պետական պաշտոններ ստանալու համար, մինչդեռ Նավալնիի շատ գործընկերներ հույս ունեին մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Փաստաբանները հայտարարել են դատարանի կողմնակալ լինելու մասին և խոստացել բողոքարկել որոշումը: Նրանք լքել են նիստերի դահլիճը ՝ չսպասելով դատավճռին:

Ինքը՝ Ալեքսեյ Նավալնին, հունվարից անազատության մեջ է խարդախության մեղադրանքով: Ապրիլին Մոսկվայի դատախազ Դենիս Պոպովը դատական հայց էր ներկայացրել Նավալնիի ստեղծած կազմակերպությունները ծայրահեղական ճանաչելու համար, պնդելով, որ Ռուսաստանում որպես օտարերկրյա գործակալ գրանցված այդ կազմակերպություններն ապակայունացնում են սոցիալական և հասարակական-քաղաքական իրավիճակը:

XS
SM
MD
LG