Մատչելիության հղումներ

Մոսկվան կօգնի Երևանին և Բաքվին՝ կարգավորելու սահմանին լարվածությունը, եթե դիմեն երկու կողմերը, ասում է ՌԴ ԱԳ փոխնախարարը


ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո, արխիվ

Ռուսաստանը կօգնի Երևանին ու Բաքվին սահմանին լարվածության կարգավորման հարցում, եթե այդպիսի խնդրանքով դիմեն երկու կողմերը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Սա նորմալ իրավիճակ է, երբ նման իրավիճակում գտնվող կողմերը դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, մանավանդ որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները մշակելու համատեքստում: Եթե նման դիմում լինի բոլոր մասնակից կողմերից, այլ ոչ միայն կողմերից որևէ մեկից՝ նկատի ունեմ Ադրբեջանից և Հայաստանից, ապա մենք պատրաստ կլինենք տրամադրել այն օժանդակությունը, որը կարող ենք», - ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցին:

Անդրեյ Ռուդենկոն նաև ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը: «Արտաքին գործերի նախարարները կհավաքվեն Դուշանբեում՝ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը: Չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի այնտեղ», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, դրանք շարունակվելու են վաղը:

Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ նախորդ օրերի բանակցություններից հետո ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր, այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։



XS
SM
MD
LG