Մատչելիության հղումներ

Հայաստանը ստացել է Sputnik V-ի 14 հազար երկրորդ դեղաչափը


Հայաստանը ստացել է Sputnik V պատվաստանյութի 14 հազար երկրորդ դեղաչափը հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափը, որը ներկրվել էր ապրիլի վերջին, ըստ նախարարության, արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։

Sputnik-V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են բոլորի համար:

XS
SM
MD
LG