Մատչելիության հղումներ

Գավառում զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի․ քրեական գործն ուղարկվել է դատախազին


Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է 2020թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Ըստ հաղորդագրության՝ կատարված միջոցառումների արդյունքում պարզվել են Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները, շարժառիթը, անհատականացվել միջադեպին մասնակից անձանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ:

Կոմիտեն նշում է, որ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ միջադեպից օրեր առաջ՝ 2020թ. մարտի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գավառի բնակիչ, դեպքի պահին դեռևս 18-ը չլրացած երիտասարդը մի խումբ անձանց հետ, նախկինում ունեցած տարաձայնությունների հետ կապված հարցերի պարզաբանման ժամանակ, ծեծի է ենթարկել Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ինչպես նշվում է հայտարարությունում, ծեծի ենթարկողներից վրեժխնդիր լինելու նպատակով վերջինիս հայրը ազգականի, համագյուղացիների, կողմնակիցների և ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, ապօրինի կերպով ձեռք բերած հրազեններով, 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում հանդիպել է որդուն ծեծի ենթարկած երիտասարդի՝ հրազենով զինված հորեղբորը և նրանց մտերիմների հետ, որի ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Արդյունքում՝ երկու անձի պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս վեցին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդի հորեղբորը մեղադրանք է առաջադրվել՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իսկ նորատուսցի երիտասարդի հորը և ազգականին՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Քննչական կոմիտեն:

XS
SM
MD
LG