Մատչելիության հղումներ

Փաշինյանը Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան, շատ կարևոր եմ համարում այսօրվա առիթը և ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և ցավում եմ, որ պարգևը հանձնում ենք հետմահու: Շատ ցավալի է, որ այս արժանի և կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում ենք մի փոքր այլ միջավայրում, քան կցանկանայինք: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»:

«Այս խորհրդանշական օրը կարևոր եմ համարում, որ մենք այստեղ այս արարողությունն իրականացնում ենք: Իմ և մեր գնահատանքի խոսքը, մեր գնահատանքի տուրքն է սա Հայրենիքի համար զոհված բոլոր նահատակներին, Հայրենիքը պաշտպանած բոլոր զինվորներին, ազատամարտիկներին, կամավորականներին և հանուն Հայրենիքի որևէ գործ արած մեր բոլոր քաղաքացիներին ու հայրենակիցներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում:

1991 թվականին Տեր-Թադևոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին Կոմանդոսն ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG