Մատչելիության հղումներ

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է դեսպան Մկրտչյանը


Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Բալթյան երկրներում։

«Այն, ինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհրդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը (թերևս ամենատեսանելին է եղել, նաև խիստ կարևոր), համայնքային և Հայ Առաքելական եկեղեցու ներգրավվածությունը (որը եղել է ամենաերկարատևը և հետևողականը)։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին», - գրում է դեսպանը։

Նա հիշեցնում է, որ դեռևս 2020 թվականի ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժեր, որոնք նաև իշխող կոալիցիայի անդամներ են՝ «Նոր պահպանողականների» և «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություններ։ «Այս ուժերի, ինչպես նաև «Համաձայնություն» կուսակցության ներկայացուցիչների մեծ մասի նախաձեռնությամբ էլ 2021 թ․փետրվարից սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի արդյունքում բանաձև-հայտարարություն ներկայացվեց ապրիլի 23-ին։ Ապրիլի 29-ին նախնական բանաձևի տարբերակը առարկություններով հետաձգվեց մեկ շաբաթով։ Բանաձևի փոփոխված տարբերակ առաջարկեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի շուրջ նույնպես ծավալվեց ինտենսիվ քննարկում և որը նույնպես վերջին երկու ամիսների ընթացքում զուգահեռ աշխատանքներ է ծավալել այս ուղղությամբ», - մանրամասնում է Տիգրան Մկրտչյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով լատվիացի այն խորհրդարանականներին, որոնք նպաստել են այս հարցին։

«Խոնարհվում եմ Լատվիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների առջև, ովքեր քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցին Լատվիայում հանգուցալուծում տալու օգտին», - գրում է դիվանագետը։

Մկրտչյանը թարգմանաբար հրապարակել է Սաեյմայի ընդունած հայտարարության տեքստը, որում ասված է․

«Հայտարարություն Օսմանյան կայսրության ժամանաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Լատվիայի Հանրապետության Սաեյմայի կողմից

Լատվիայի Հանրապետության Սաեյման

նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ին նախկին Կոստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով,

հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Եվրոպական խորհրդարանի 1987 թ․ հունիսի 18-ի բանաձևը, որը նշում է, որ այս դեպքերը համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հանդիսանում են ցեղասպանություն,

ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով,

ճանաչելով, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովուրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ,

դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ,

հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին,

հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ,

կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին և նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ։ Այս տարի ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործեց Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատները համապատասխան բանաձևեր էին ընդունել ավելի վաղ։

XS
SM
MD
LG