Մատչելիության հղումներ

ՄԽ համանախագահները կոչ են անում «ամբողջությամբ և արագ ավարտել ձերբակալվածների փոխանակման գործընթացը»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունում են Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների` Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սերյան Թամրազյանի ազատ արձակումը:

Այսօրվա հայտարարությամբ համանախագահները կոչ են անում կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել ձերբակալվածների և զոհվածների մասունքների փոխանակման գործընթացը, հարգել կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները:

Հիշեցնելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությունը` համանախագահները կողմերին հորդորում են փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար, ևս մեկ անգամ կոչ անում վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Համանախագահները խրախուսում են կողմերին` ձեռնարկելու կոնկրետ քայլեր փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար` ի նպաստ խաղաղության ամրապնդման` միաժամանակ հիշեցնելով արդեն նախկին հայտարարությունում մատնանշած կետերին, ինչը, մասնավորապես, ներառում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը համանախագահների հովանու ներքո առաջին իսկ հնարավորության դեպքում:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից փոխանցեցին՝ երեք ռազմագերիներ են վերադարձվել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում»։

Այսօր ավելի վաղ նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր հայտարարությամբ ողջունել հայ ռազմագերիների վերադարձը: Թվիթերում նա գրել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել պահվող բոլոր անձանց փոխանակման գործընթացը և հարգել կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները:

XS
SM
MD
LG