Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պատերազմում վիրավորված և բուժվող մի խումբ զինծառայողների ու նրանց հարազատներին


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող մի խումբ զինծառայողների ու նրանց հարազատներին:

«Զարթոնք» խորագրով միջոցառմանը մասնակցել են նախկին և ներկա զինծառայողներ Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերից և Երևանից, ինչպես նաև նրանց հարազատները, հայտնում են նախագահականից:

«Ես տեսնում եմ՝ ձեզնից շատերը ծանր վնասներ են կրել՝ և՛ մարմնական, և՛ հոգեկան: Ինչ-որ տեղ հոգեկան վերքերը բուժելն ավելի դժվար է լինում, քան մարմնականը, քանի որ դա միայն ձերը չէ, նաև ձեր ընտանիքի անդամների վերքն է: Բայց ուզում եմ ձեզ վստահեցնել որպես մեկը, ով ոչ միայն Հանրապետության նախագահ է, այլև երկար ճանապարհ է անցել և տեսել է նաև առաջին պատերազմը՝ կա՛ կյանք պատերազմից հետո, նույնիսկ մահվանից հետո: Ձեր կյանքն առջևում է», - ասել է Արմեն Սարգսյանը:

Նախագահն անդրադարձել է նաև ադրբեջանական գերության մեջ գտնվողների վերադարձի խնդրին` նշելով. «Պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք վերադարձնել նրանց: Որպես նախագահ՝ անում եմ այն, ինչ կարող եմ, օգտագործելով նաև անձնական կապերը, գրելով ընդհուպ մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԽ ղեկավարությանը, Կարմիր խաչին, բոլորին: Լուծումը, ցավոք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ձեռքում չէ, ոչ էլ Կարմիր խաչի, վերջնական լուծումը սահմանից այն կողմ է: Այնտեղ կատարվում են ամենաանմարդկային որոշումները՝ կենդանի մարդկանց պահել պատանդ՝ փոխանակելու ինչ-որ բանի հետ: Սակայն մեր ձայնը բարձրացնելը և Հանրապետության նախագահի կողմից միջազգային հանրությանը ճնշման տակ դնելը բացարձակ անհրաժեշտություն է: Նախագահական աշխատակազմն աշխատում է կառավարության, միջազգային կառույցների, Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս հարցերի լուծումը պետք է տրվի և հրատապ»:







Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG