Մատչելիության հղումներ

Սպաներ Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում


Արցախի դրոշը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել է հրամանագրեր ավագ լեյտենանտներ Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում հետմահու շնորհելու մասին՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։

Հրամանագրերի համաձայն՝ Պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանը և N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյանը Արցախի բարձրագույն կոչմանն արժանացել են Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում բացառիկ ծառայությունների, քաջության ու անձնական արիության համար։

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Հովհաննիսյանն ու Թովմասյանն ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն-հետախուզական գործողություններ են իրականացրել հակառակորդի թիկունքում՝ հասցնելով նրան ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու մարտական գործողություններ են իրականացրել սկզբում 7-րդ պաշտպանական շրջանում, այնուհետև՝ մի շարք այլ ուղղություններում, ներառյալ՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում, փայլուն կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները։

28-ամյա Նարեկ Հովհաննիսյանը և 37-ամյա Թովմաս Թովմասյանը հերոսաբար զոհվել են նոյեմբերի 7-ին Քարին տակ-Շուշի հատվածում, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG