Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի լեռնային շրջաններում ձյան առատ տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Առաջիկա գիշերը և վաղն առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, երկրի բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է զգոնություն ցուցաբերել:

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում նաև մարտի 11-12-ը, իսկ վաղը ցերեկը, մարտի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Բերդ-Ճամբարակ ճանապարհը։ Լոռու մարզում և Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն։ Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 520 բեռնատար ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG