Մատչելիության հղումներ

Թաթոյանը հակադարձում է գերիների մասին Ալիևի պնդմանը, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում դրա վրա


Հայ ռազմագերիներ Ադրբեջանում, արխիվ
Հայ ռազմագերիներ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, այսօր հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի պնդմանը, թե Հայաստանին են վերադարձվել բոլոր գերիները, պահվում են միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»։

Երեկ Իլհամ Ալիևը հայտարարել է. - «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավելի ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կվերադարձնեին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիվերսանտ են»:

Հայաստանի օմբուդսմենը ևս մեկ անգամ վճռականորեն արձանագրում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են:

«Բոլոր զինծառայողներն Արցախում են գտնվել՝ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու համար, նրանք Արցախում տարել են զինվորական իրավական ծառայություն», - շեշտում է Արման Թաթոյանը։ - «Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են: Իրենց զինվորական իրավական ծառայությունն իրականացնելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ: Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից»։

Հայաստանի օմբուդսմենի հավաստմամբ՝ անթույլատրելի է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա։ «Եվս մեկ անգամ հստակ շեշտում եմ, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով», - ասված է Թաթոյանի հաղորդագրությունում։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծում է՝ իր աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:

Օմբուդսմենի համոզմամբ՝ «բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, իսկ իրավական գործընթացները նենգափոխվում են ու ենթարկվում չարաշահման»:

Արման Թաթոյանը հրավիրում է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի նախագահի նշված հայտարարության վրա՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությամբ Երևանն ու Բաքուն պարտավորվել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնել բոլոր գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։

XS
SM
MD
LG