Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հարգանքի տուրք են մատուցել ռուսամետ ռեժիմի դեմ ցույցերում սպանվածների հիշատակին


Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան և նախագահ Վլադիմիր Զելենսկին հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների հիշատակին, Կիև, 20 փետրվարի, 2021թ.
Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան և նախագահ Վլադիմիր Զելենսկին հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների հիշատակին, Կիև, 20 փետրվարի, 2021թ.

Երեկ Ուկրաինայում նշել են ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի դեմ հակակառավարական ցույցերում ընդդիմադիր ակտիվիստների սպանության 7-րդ տարելիցը:

2014 թվականի փետրվարի 18-ից 20-ը մայրաքաղաք Կիևում և այլ բնակավայրերում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաները և բախումները հանգեցրել են Յանուկովիչի հրաժարականին:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին և առաջին տիկինը՝ Օլենան, Կիևի Անկախության հրապարակում հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատկին և ծաղիկներ զետեղել «Երկրային հարյուրյակի» արձանին:

Հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև Ուկրաինայի այլ քաղաքներում:

Ռուսամետ իշխանության դեմ շարժումը, որը հետագայում անվանել են «Եվրոմայդան», մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերին՝ այն բանից հետո, երբ Յանուկովիչը հրաժարվել է ստորագրել Եվրոպական միության հետ համագործակցության պայմանագիրը և հայտարարել է Ռուսաստանի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մտադրության մասին:

Բախումներում սպանվել է 104 մարդ, ավելի քան 2 հազար 500 ակտիվիստներ բախումներում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Յանուկովիչի փախուստից որոշ ժամանակ անց Ռուսաստանը բռնազավթել է Ղրիմի թերակղզին, Ուկրաինայի արևելյան շրջաններում սկսվել է ուկրաինական բանակի և Մոսկվայի աջակցությունը վայելող ռուսամետ անջատականների պատերազմը, որի ընթացքում զոհվել է շուրջ 13 հազար մարդ:

2019 թվականի հունվարին Ուկրաինայի դատարանը Ռուսաստանի տարածքում ապաստանած Յանուկովիչին պետական դավաճանության մեղադրանքով հեռակա կարգով դատապարտել է 13 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG