Մատչելիության հղումներ

Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել անվտանգային աջակցությունը Ադրբեջանին, վստահեցնում է պետքարտուղարի թեկնածուն


ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդեն և պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքեն, Ուիլմինգթոն, Դելավեր նահանգ, 24-ը նոյեմբերի, 2020թ․
ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդեն և պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքեն, Ուիլմինգթոն, Դելավեր նահանգ, 24-ը նոյեմբերի, 2020թ․

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի հավաստմամբ՝ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան անվտանգային աջակցությունը։ Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարի թեկնածուն հայտարարել է Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի գրավոր հարցմանն ի պատասխան։

Այդ փաստաթղթում հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հարցրել է Լեռնային Ղարաբաղի հարցում ամերիկյան նոր կառավարության դիրքորոշման մասին։ «Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով, Լեռնային Ղարաբաղում և դրա հարակից շրջաններում մարդասիրական ճգնաժամով», - գրել է Բլինքենը՝ խոստանալով պաշտոնը ստանձնելու դեպքում աշխատել Կոնգրեսի, USAID-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ` հոգալու տարածաշրջանում մարդասիրական կարիքները:

Դեմոկրատ սենատորը նաև հարցրել է, թե ինչպես է նոր վարչակազմն օգնելու Հայաստանին և հայերին Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայից պաշտպանվելու հարցում։

«Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգային աջակցությունը: [Թեկնածության] Հաստատման դեպքում ես անհամբեր սպասում եմ Կոնգրեսի և Պաշտպանության նախարարի հետ համատեղ՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարելու համար համապատասխան օգնության մակարդակի որոշմանը», - հավաստիացրել է Էնթոնի Բլինքենը, ով, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կստանձնի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։

XS
SM
MD
LG