Մատչելիության հղումներ

Այս պահի դրությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում


Այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ երկու ջոկատ աշխատում է Ֆիզուլիի և երկուսն էլ Ջաբրայիլի ուղղություններում:

«Երեկ աշխատանքներ շարունակվեցին Մարտակերտի, Ջաբրայիլի ուղղություններում, մեկ դի, զոհված զինծառայողի մարմին գտել ենք Մարտակերտի տարածքում և 20 մարմին՝ Ջաբրայիլի տարածքում: Ընդհանուր առմամբ նոյեմբերի 13-ից մինչ այսօր հայտնաբերվել է 802 զոհված զինծառայողի մարմին», - ասաց Արցախի (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Թադևոսյանի խոսքով՝ Արցախի փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքները շարունակում են։

«Սկսվել է Շուշի քաղաքից, աշխատանքները շարունակվել են բոլոր շրջաններում Մարտունի, Մարտակերտ, Մարտակերտի Թալիշ, Մատաղիս ուղղություններ և արդեն Ֆիզուլի ու Ջաբրայիլ ուղղություններում, այդ թվում նաև Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում, որտեղ թեժ մարտեր են ընթացել: Իհարկե, շուտ է ասել, որ կոնկրետ մի շրջանում ավարտված են աշխատանքները, որովհետև դեռ կան ծնողներ, որ փնտրում են երեխային, օրինակ, Թալիշի կամ ենթադրենք Մատաղիսի տարածքներում: Այնտեղից դեռ քիչ մարմիններ ենք հանել, բայց ընդհանուր առմամբ բոլոր ուղղություններում էլ կարող ենք ասել աշխատանքները շարունակվում են, իսկ այդ աշխատանքը մեծ մասամբ կախված է բանակցողից: Բանակցողն այս դեպքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, ռուսական զորակազմը և ադրբեջանական կողմը, մենք բուն գործողություններին ենք մասնակցում», - նշեց Հունան Թադևոսյանը:

Ըստ Առողջապահության նախարարության, այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 2996 զինծառայողի մարմին, մինչև այս պահը, սակայն, հրապարակվել է միայն 1817-ի անունը: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816, մարմիններից 993 ԴՆԹ նմուշ: Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 302 մարմին, հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սպայի խոսքով՝ օրերս ձեռք է բերվել համաձայնություն, որ որոնողական աշխատանքներին կարող են մասնակցել նաև ծնողները. «Ծնողներն իրենք իրենց մեջ պայմանավորվում են՝ կոնկրետ այս ուղղությամբ երկու հոգի ջոկատներին է միանում, մյուս ուղղությամբ՝ երկու հոգի, և այդպես իրենք էլ են դառնում անմիջական մասնակիցը»:

Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են՝ որոնողական աշխատանքներ իրականացնեն այն տարածքներում, ուր իրենց որդիներին են տարել

Գրեթե երկու ամիս իրենց զինվորներից որևէ լուր չունեցող ծնողները, կանայք այսօր կրկին Էջմիածնի զորամասի առջև էին։ Այստեղից մեկնած 62 զինծառայողներից միայն 22-ն է հետ եկել: հարազատները պահանջում են՝ որոնողական աշխատանքներ իրականացնեն այն տարածքներում, ուր իրենց որդիներին են տարել։

«Լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն, հորս արև լավ մնացեք, թեթև տարեք, չլացեք, հերոս ունես, մամ ջան, շատ եմ ձեզ սիրում, իմ կյանքն էլ սենց դասավորվեց, հերոս կմնամ, հենց հիմա թուրքերի տարածքում եմ, հելնեմ՝ կխփեն, աղաչում եմ՝ չլացես», - այս տողերը Սիրանույշի եղբայրն է գրել, հոկտեմբերի 21-ին, այդ օրվանից հետո հայրը մեկնել է Կապան՝ պատկան մարմիններին տեղեկացնելու, որ որդին ողջ է, սակայն այստեղից էլ որևէ պատասխան չի ստացել:

«Ասել է, տեղեկացրել է այնտեղի պատկան մարմիններին, որ իմ տղան ողջ է, կարող է իր հետ կան էլի ողջ մնացած տղաներ, թաքնված են, չեն կարողանում ելքը գտնել, որովհետև տղաներին տարել են, նույնիսկ չեն ասել՝ ուր են գնում, ինչ տարածք են գնում, Աստված չանի, թե հանկարծ էսպիսի դեպք լինի, տղերք, աջ կփախնեք, ձախ կփախնեք», - ասաց զինվորի քույրը:

Հարազատները այժմ պահանջում են հանդիպում Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG