Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր հարձակումներ են իրականացնում քաղաքացիական օբյեկտների վրա, որոնք չեն հանդիսանում ռազմական նշանակության թիրախներ, հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրությամբ Արցախի ԱԳՆ-ն նշում է, որ ադրբեջանական կողմից «օգտագործվում են արգելված պատերազմելու մեթոդներ և միջոցներ, որոնք կարող են ավելորդ վնասներ հասցնել կամ ավելորդ տառապանքներ պատճառել, նաև օգտագործում են ոչ ընտրողական բնույթի զենքի տեսակներ»: «Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան: Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ադրբեջանի նմանատիպ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ», - ասված է հայտարարության մեջ:
Ըստ Արտգործնախարարության` ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում է իրեն վեր դասել միջազգային իրավունքից։
«Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության զինանոցում առկա գործիքակազմից Արցախի միջազգային ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է», - շեշտում է արտաքին գերատեսչությունը: