Մատչելիության հղումներ

Ոստիկանության պաշտոնյաների կողմից շուրջ 27,2 մլն դրամի առերևույթ յուրացման գործն ուղարկվել է դատարան


Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Ավարտվել է Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից այսօր հաստատվել է 3 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արարատի պահպանության բաժնի և նույն բաժնի Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետեր Գ.Հ.-ին և Ա.Ա.-ին՝ 2015-2017թթ. ընթացքում 11,5 մլն և 13 մլն դրամ յուրացնելու, 2,7 մլն դրամի վատնում կատարելու, ինչպես նաև նույն բաժնի հաշվապահ Փ.Գ.-ին՝ հանցակցության համար:

Առաջադրված մեղադրանքում Ա.Ա-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և վերականգնել շուրջ 13 մլն դրամը, Գ.Հ.-ն նախաքննության ընթացքում վերականգնել է պատճառված վնասից 360 հազար դրամը: Փ.Գ.-ն ևս առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

Նախաքննության ընթացքում մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պատճառված վնասների և դատական ծախսերի ապահովման նպատակով։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG