Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Չկալովկա համայնքի նախկին ղեկավարին և ավագանու հինգ անդամներին


Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու մի շարք հանգամանքներ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Պարզվել է, որ համայնքի ղեկավարը համաձայնություն է ձեռք բերել համայնքի ավագանու մի շարք անդամների հետ՝ նրանց օժանդակությամբ, համայնքի բյուջեի առանձնապես խոշոր չափերով միջոցները ոչ նպատակային, անարդյունավետ տնօրինելու, իրենց և մերձավորների, համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցների և նրանց ընտանիքների կարիքների բավարարմանն ուղղելու համար:

ՔԿ-ն տեղեկացնում է, որ այդ նպատակով համայնքի նախկին ղեկավարը և ավագանու անդամները, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները, չեն սահմանել սոցիալական օգնություն հատկացնելու կարգը և 2008-2016 թվականներին, առանց հանձնաժողովի նիստում սոցիալական նպաստ ստացող անձանց սոցիալական վիճակի մասին ուսումնասիրություն կատարելու ու այդ փաստն արձանագրելու, որոշումներ են կայացրել՝ 11 միլիոն 58 հազար դրամ նպաստներ տրամադրելու վերաբերյալ, որից հատկացում է կատարվել 10 միլիոն 108 հազար դրամի չափով: Նշված գումարները հատկացվել են հիմնականում համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու հաշվապահի մերձավորներին, համայնքի ավագանու անդամներին և նրանց բարեկամներին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի բարեկամներին:

Բացի այդ, համայնքի ղեկավարը պաշտոնավարման 7 տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել իրեն, իր բարեկամներին, համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներին, համայնքի ավագանու անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկը զիջելու, հիշյալ անձանց պատկանող հողի հարկի վճարումից ազատելու մասին որոշումների նախագծեր: Արդյունքում՝ իրավական ակտերի պահանջների խախտմամբ, որոշումներ են կայացվել՝ 490 հազար 476 դրամի չափով զիջումներ կատարել ավտոմեքենաներից գանձվող գույքահարկի, իսկ 558 հազար 100 դրամի չափով՝ հողի հարկի մասով:

Համաձայն հաղորդագրության, Չկալովկա համայնքի նախկին ղեկավարը, համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու անհրաժեշտության մասին համայնքի զարգացման քառամյա ծրագրում նշած չլինելու և ձեռքբերման անհետաձգելիությունը որևէ կերպ չհիմնավորելու պայմաններում, մտադրություն ունենալով իր կողմից փաստացի շահագործվող, համայնքի ավագանու գործող անդամի և իր բարեկամի անվամբ հաշվառված, 7 միլիոն 300 հազար դրամ շուկայական արժեք ունեցող «BMW» մակնիշի լյուքս դասի ավտոմեքենան ձևակերպել համայնքի անվամբ, համայնքի բյուջեից դուրս է գրել առանձնապես խոշոր չափի՝ 10 միլիոն 400 հազար դրամ: Այդ նպատակով 2015 թվականի ապրիլի 13-ին համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի հիմնական միջոց հանդիսացող շուրջ 8,8 հա հողատարածքի օտարման հարցը, որն աճուրդով՝ 10,4 մլն. դրամով, օտարվել է, իսկ ստացված միջոցներն ուղղվել են վերոհիշյալ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերմանը:

Այնուհետև, ըստ Քննչական կոմիտեի, մրցութային հանձնաժողովի անդամները, առանց փաստացի մրցույթ կազմակերպելու, համայնքի ղեկավարի դրդմամբ կազմել են դրա ընթացքի վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր և մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչել ավագանու անդամի ներկայացրած առաջարկը, որից հետո համայնքի ղեկավարը ավագանու անդամի հետ կնքել է ավտոմեքենայի ձեռքբերման պայմանագիր, ինչի հիման վրա համայնքապետարանի բյուջեից նրան է փոխանցվել առանձնապես խոշոր չափի՝ 9 միլիոն 455 հազար դրամ, իսկ 945 հազար դրամը փոխանցվել է կենտրոնական գանձապետարան՝ որպես գնված մարդատար ավտոմեքենայի եկամտային հարկի 10 տոկոս վճարում:

Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի, ավագանու անդամների, համայնքապետարանի մի շարք աշխատակիցների վերոնշյալ հանցավոր գործողությունների հետևանքով, համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ 20 միլիոն 508 հազար դրամի չափով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Չկալովկա համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ հոդվածի մասով (պաշտոնեական կեղծիքի դրդելը), իսկ ավագանու հինգ անդամներին՝ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը):

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG