Մատչելիության հղումներ

1 անձ ձերբակալվել է՝ Գյումրիում ոստիկանների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով. ՔԿ


Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրիի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, իսկ մյուսի մոտ՝ ձախ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերքեր:

ՃՈ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել` հայտնելով, որ ավտոմեքենայի վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված ոստիկանի կողմից այն կանգնեցվել է: Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթևեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու համար:

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության` ի պատասխան՝ ավտոմեքենայի ուղևորն սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից և ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին, ապա սկսել է դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ՝ առերևույթ նրանց նկատմամբ գործադրելով բռնություն, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին, որտեղ նրանցից մեկը ձերբակալվել է:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 ոստիկան է դանակահարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG