Ադրբեջանի ԱԳ խոսնակի հայտարարութան մեջ փորձ է կատարվում փաստարկների բացակայությունը քողարկել իրականության հետ աղերս չունեցող բառակույտերով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ընդհանրապես կուզենայի խորհուրդ տալ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ «պատմական Ադրբեջան» արտահայտության կիրառումից: Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անվանումն ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով, իսկ ադրբեջանցիներ անվանման կիրառումը դրանից էլ նոր է: Մենք հասկանում ենք, որ այդ երկրում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, որին մենք չենք ցանկանում միջամտել, սակայն դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ չենք կարող չհիշեցնել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ», - նշել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, ադրբեջանական կողմից հայտարարության մեջ կրկին տեղ են գտել տարածքային, պատմական պահանջներ, ինչպես նաև բացասական գնահատականներ են տրվել ՀՀ-ում ներքաղաքական և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա ՀՀ արտգործնախարարության խոսնակն ասել է, որ հավանաբար այս հարցում ևս մենք ադրբեջանական կողմի հետ ունենք խիստ տարբերվող պատկերացումներ:
«Օրինակ` մենք չենք կարող համարել, որ իշխանության փոխանցումը մեկ ընտանիքի տարբեր անդամների միջև ժողովրդավարական պրակտիկայի մաս է կազմում: Ադրբեջանի ցածր ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ մեր գնահատականը շարունակաբար հաստատվում է նաև տարբեր միջազգային դերակատարների կողմից, որոնք գնահատում են մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը տարբեր ինդեքսների միջոցով: Այս դեպքում նույնպես պետք է փաստենք, որ ժողովրդավարությունը ևս Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:
Վերջում կուզենայինք ընդգծել, որ խորապես հավատում ենք, որ անգամ առկա ընկալումների տարբերությունների դեպքում հնարավոր է պահպանել շփումների հարգալից տոնայնությունը և այս մաղթանքը հասցեագրում ենք նաև ադրբեջանական կողմին», - նկատել է նա: