Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ. Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին


Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը, ասված է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Հայտարարությամբ Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությանը:

«Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ և ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը», - փոխանցում են Արցախի ԱԳՆ-ից:

«Այս պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների և դրանց հետևողական էսկալացիայի նախաձեռնող:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի ժողովուրդի իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կամենում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, որը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է», - նշված է հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG