Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնում է պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հերթական դեպքի մասին


Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքի բացահայտման մասին։

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Գեղարքունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը, փորձաքննություններ կատարելիս ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով, նույն հանձնաժողովի անդամների և բուժվիճակագրի հետ նախնական համաձայնությամբ, գործակալություն դիմած քաղաքացիների օգտին որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու, խումբը փոխելու համար, վերջիններիցս պարբերաբար որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ՝ դրանցից մասնաբաժին տալով հանցավոր համաձայնության եկած հանձնաժողովի անդամներին:

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձինք ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հերթական անգամ կաշառք ստանալիս բռնվել են: Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան, որից հետո հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ անհերքելի ապացույցների առկայության պարագայում պաշտոնատար անձ հանդիսացող հանձնաժողովի նախագահը և նրա հանցակիցները խոստովանել են կատարած հանցագործությունը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ խմբի կողմից կատարած այլ հանցադեպերը, հանցավոր շղթայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG