Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Բացահայտվել է կաշառառության հերթական դեպքը, երկու անձի մեղադրանք է առաջադրվել


ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր հաղորդում է կաշառառության հերթական դեպքը բացահայտելու մասին։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ստացվել են փաստական տվյալներ, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը իր պաշտոնավարման ընթացքում «միջոցներ չի ձեռնարկել իր ծանոթների կողմից կազմակերպված՝ Ձորաղբյուր համայնքի հին գերեզմանատանը տարածքներ հատկացնելու պատրվակով քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի կապակցությամբ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»։

Մասնավորապես, Ձորաղբյուր համայնքի բնակիչներից մեկի հաղորդման հիման վրա՝ վերջինիս հոր գերեզմանում այլ հուղարկավորություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով, հիշյալ պաշտոնատար անձը «ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 2019թ. փետրվարին որպես կաշառք ստանալով զգալի չափով կանխիկ գումար, հետաքննություն իրականացնող անձին ցուցում է տվել շեղել քննության ընթացքը, անտեսել և թաքցնել գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցներն ու հանգամանքները», ասված է հաղորդագրությունում։ «Հետաքննություն իրականացնող անձը բաժանմունքի պետի հանձնարարությամբ խեղաթյուրել է մի շարք քաղաքացիներից վերցված բացատրությունների բովանդակությունը և, համապատասխան հիմքեր ստեղծելով, որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին», - շարունակում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում հիշյալ երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, նրանցից մեկը տվել է խոստովանական բնույթի ցուցմուքներ և պնդել դրանք առերեսման ժամանակ։ Երկուսի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց, նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG