Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կնվազի 8-10 աստիճանով


Ձմեռը Երևանում, արխիվային լուսանկար
Ձմեռը Երևանում, արխիվային լուսանկար

Այսօր ցերեկը հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև քամու ուժգնացում: Հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կնվազի 8-10 աստիճանով, հունվարի 27-28-ի գիշերը նույնքան կբարձրանա:

Երևանում այսօր առավոտյան սպասվում է ձյուն, հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:40-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG