Մատչելիության հղումներ

ԱԺ-ի կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում չարաշահումների համար 2 անձի մեղադրանք է առաջադրվել


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխվ
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխվ

Հայաստանի Ազգային ժողովի կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների համար 2 անձի մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության, նախորդ տարվա հունիսի 24-ին ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ. սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար` 4.5մլն ՀՀ դրամի և 3.5մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

ԱԺ-ի կարիքների համար 278 հատ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ և 75 հատ Ազգային ժողովի պատվո մեդալ ձեռք բերելու գործընթացում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով մոտ 9.5մլն դրամ գումար հափշտակելու համար Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, մեղադրանք է առաջադրվել ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ին, ինչպես նաև նրան օժանդակելու համար՝ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նշված ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող Գ. Գ.-ին: Վերջինիս կողմից վերականգնվել է պատճառված վերոնշյալ վնասը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միաժամանակ երկուսի դեպքում էլ նույն որոշումներով բավարարվել են մեղադրյալների պաշտպանների` կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունները:

Դատարանի նշված որոշումների դեմ՝ մեղադրյալների նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից տարվել են վերաքննիչ բողոքներ, որոնք ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներով մերժվել են:

ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արդեն իսկ ներկայացվել է վճռաբեկ բողոք, իսկ նշված ՍՊԸ փաստացի ղեկավարի մասով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ տարվելիք վճռաբեկ բողոքը ներկայումս պատրաստման փուլում է:

Բացի վերոնշյալը, ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև առերևույթ այլ կոռուպցիոն չարաշահումների կատարման վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG