Մատչելիության հղումներ

Դատախազություն. Լճաշենում հողի բերրի շերտի վնասմամբ և ապօրինի հանմամբ պետությանը 2 մլն դրամի վնաս է պատճառվել


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը

Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ շարունակվում են պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության՝ դատախազություն ներկայացված արդյունքների ուսումնասիրությունները:

Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում բերրի հողաշերտի հանման փաստի` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերը և տեղեկատվությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում նշված համայնքի վարչական տարածքում՝ Սարատեղի տանող ճանապարհի հարևանությամբ, հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից կատարված ընդհանուր` մոտ 12.954 ք/մ մակերեսով տարածքի հողերի խախտման և 11.271 խմ սևահողի հանման դեպքեր։

«Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.01.2005թ.-ի որոշման հիման վրա կատարված հաշվարկի համաձայն՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով պատճառվել է էական՝ մոտ 2մլն դրամի վնաս։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով (տնտեսական կամ այլ գործունեության վնասակար արտադրանքով հողը թունավորելը, աղտոտելը կամ այլ կերպ փչացնելը, որը կատարվել է թունաքիմիկատների, պարարտանյութերի, բույսերի աճի խթանիչների կամ այլ վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութեր պահելու, օգտագործելու և փոխադրելու, ինչպես նաև հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելով, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին):

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG