Այսօր ժամը 13:46 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության (ՓԾ) Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տուժածներ չկան։ «Հիմնական կրակը տանիքում է եղել։ Հրշեջները կմտնեն տանիքի տակ, որ տանիքի տակի հրդեհները փորձեն հանգցնել», - ասաց նախարարը։
Նա չմեկնաբանեց դիտարկումը, թե այս հրդեհը կարող էր դիտավորություն լինել։
Ավելի ուշ ԱԻՆ-ը հաղորդեց, որ ժամը 16:08-ին հրդեհը մեկուսացվել է, 17:00-ին՝ մարվել: