Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտե. Բացահայտվել է 14 տարի առաջ կատարված սպանություն, մեկ անձ ձերբակալվել է


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչուհի Ն. Յաղուտյանի՝ դեռևս 2005 թվականին կատարված սպանությունը: Մեկ անձ ձերբակալվել է:

Հոկտեմբերի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2014-ին իր այժմ հանգուցյալ հորից տեղեկացել է, որ տարիներ առաջ հորաքույրը, հորաքրոջ որդին և վերջինիս կինը, իր մյուս հորաքրոջը որոշ ժամանակ հյուրընկալելով Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, այնտեղ սպանել են նրան և թաքցրել դին: Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է Քննչական կոմիտեի վերոհիշյալ քննչական բաժին և ընդունվել վարույթ, կազմվել է քննչական խումբ:

Քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, ըստ Քննչական կոմիտեի, Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972 թվականին:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1937թ. ծնված Ն. Յաղուտյանի ամուսնու ազգականները, իմանալով, որ Յաղուտյանն ունի մեծ քանակությամբ ոսկյա զարդեր, դրանց տիրանալու նպատակով վերջինիս սպանել են Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, գողացել նրա ոսկյա զարդերը և դին թաղել տան ննջասենյակներից մեկի տակ գտնվող նկուղում», - ասված է հաղորդագրությունում:

Նշված հասցեում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության արդյունքում տան ննջասենյակի տակ գտնվող նկուղում հայտնաբերվել և առգրավվել են մարդու դիակի մասունքներ՝ գանգ, ոսկորներ, ինչպես նաև՝ հագուստներ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր, փոխանցում է Քննչական կոմիտեն:

47-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ իր մոր քեռու կնոջը՝ Ն. Յաղուտյանին սպանելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական գործով հարցաքննվել են կասկածյալի ընտանիքի անդամները, հայտնաբերված մասունքներով և հագուստներով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG