Մատչելիության հղումներ

Վանաձորի զինված միջադեպի գործով երկրորդ անձն է կալանավորվել․ ՔԿ


Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք կալանավորվել են:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են 30-ամյա երկու երիտասարդների դիերը: Բացի այդ, նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 25-ամյած երիտասարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հաղորդում է Քննչական կոմիտեն: Նրանցից մեկը՝ Վանաձորի 46-ամյա բնակիչը, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` «երկու կամ ավելի անձանց սպանությունը», և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հոկտեմբերի 11-ին հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկը, ով Վանաձորի 46-ամյա բնակչի քրոջ որդին է՝ նույն քաղաքի 39-ամյա բնակիչ: Նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG