Մատչելիության հղումներ

Բացահայտվել է անդրազգային հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ ԱԱԾ


ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը, ասեղնագործ ժանյակի կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ (մառլյայատիպ)` ներծծված առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով, փորձել է փոստային առաքանու միջոցով ուղարկել Ավստրալիա, որտեղ հասցեատերը չորացած կտորների վրայից քերման եղանակով հեռացնելու էր թմրամիջոցը», - ասված է հաղորդագրությունում:

Մաքսանենգության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ փոստային առաքանիում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Քրեական գործի շրջանակում քաղաքացու բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվելէ շուրջ 25 կգ քաշով վարագույր՝ քաթանե աստառն ամբողջությամբ ներծծված «ափիոն» տեսակի թմրամիջոցի հումքով: Բացի այդ, նշված կտորը լրացուցիչ մշակվել է սուրճի լուծույթով` թմրամիջոցի հայտնաբերումը բացառելու նպատակով: Թմրամիջոցի նշված խմբաքանակը ևս փոստային առաքանիով պետք է ուղարկվեր Ավստրալիա:

Խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Անձը ձերբակալվել է:

Գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ՝ անդրազգային հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG