Մատչելիության հղումներ

«Կառավարման հին համակարգը և սկզբունքները վերակենդանանալու որևէ հնարավորություն չպետք է ունենան»․ «Ժառանգություն»


Կառավարման հին համակարգը և սկզբունքները վերակենդանանալու որևէ հնարավորություն չպետք է ունենան, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարվել կառավարման միակուսակցական, անհատների վրա հիմնված գործելակերպից։

Վարչության հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ - «Մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դատական վիճռը դարձավ հաստատումը մինչ այդ արդեն նկատելի վտանգավոր մի օրինաչափության՝ Հին Հայաստանը դեռ կանգուն է, և Նոր Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունը չի կարողանում ապահովել այն իրավական համակարգի ձևավորումը, որի դեպքում անհնար կլինի դատական դողէրոցքը: Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի և այլոց հանդեպ խափանման միջոցների հետ կապված փոխբացառող դատական որոշումները, որոնք հաջորդում են դատավորների ինքնաբացարկների շքերթին, և ուղեկցվում են ոստիկանության կողմից դժվարությամբ կարգավորվող հասարակական բախումներով, ցույց են տալիս, որ Հայաստանում կառավարման ճգնաժամն աստիճանաբար վերածվում է անիշխանության, նենգադուլների, որից կարող են օգտվել ռևանշի ձգտող ուժերը, նրանց հարձակողականությունը գնալով աճում է»:

«Ժառանգություն»-ը փաստում է․ - «Ռոբերտ Քոչարյանի և նրա մերժված իրավահաջորդի իշխանության օրոք վտանգավորությամբ շատ ավելի նվազ մեղադրանքների հարուցման պարագայում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և հասարակական լայն վստահությունը վայելող շատ անձանց երաշխավորությունները երբևէ հաշվի չեն առնվել դատարանների կողմից»:

«Ժառանգություն»-ը նշում է ՝ «ընտրողական արդարադատության մասին պնդումները ի չիք կդառնային, եթե Հայաստանի ներկա իշխանություններն իրականացնեին թավշյա հեղափոխության ընթացքում բազմիցս հնչեցված անցումային արդարադատության և լյուստրացիայի գործիքակազմը»:

«Տպավորություն է առաջանում, որ նոր իշխանությունները չունեն բավարար վճռականություն անցյալի հակապետական և հակասահմանադրական քայլերն անաչառ բացահայտելու համար, նրանք կաշկանդված են ինչ-ինչ գործոններով: Արձանագրում ենք, որ ներպետական տիրույթում օրեցօր ավելի առարկայացող տարատեսակ նենգադուլների հիմնական մեղավորն իշխող ուժի քաղաքական դալտոնիզմն է, որը սև ու սպիտակի հակադրությամբ կարճաժամկետ կտրվածքում քաղաքական շահաբաժին ապահովեց իրենց թիմի համար, սակայն ներկայումս Հայաստանի պետական անվտանգության և ինքնիշխանության հիմքերն են սասանվում: Պնդում ենք՝ կառավարման հին համակարգը և սկզբունքները մեր երկրում վերակենդանանալու որևէ հնարավորություն չպետք է ունենան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ ենք անում հրաժարվել կառավարման միակուսակցական, անհատների վրա հիմնված գործելակերպից, սկսել խորհրդակցությունների շրջափուլ ժողովրդավարության և Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության գաղափարների դավանորդ ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ՝ հիմքում ունենալով մեր պետականության առջև ծառացած խնդիրների հանգուցալուծումը և համազգային քաղաքական վստահություն վայելող իշխանության ձևավորումը», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն երեկ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։

Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրելԱրցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ վաղը հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։ Վարչապետը բաև կոչ արեց վաղն առավոտյան արգելափակել դատարանների մուտքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG